ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կքննարկի Իրանը կրկին ռմբակոծելու հնարավորությունը, եթե Թեհրանն ուրանը հարստացնի մինչև «տագնապալի» մակարդակի։ Թրամփը հավելել է, որ կցանկանար տեսնել, թե ինչպես են Միջազգային ատոմային էներգիայի գործակալության կամ այլ հեղինակավոր աղբյուրի տեսուչները ստուգում Իրանի միջուկային օբյեկտներն անցյալ շաբաթավերջին դրանց ռմբակոծությունից հետո։               
 

«Երևանյան հեռանկարների» տարեվերջյան համերգը

«Երևանյան հեռանկարների» տարեվերջյան համերգը
13.12.2016 | 11:19

«Երևանյան հեռանկարներ» միջազգային երաժշտական փառատոնի տարեվերջյան համերգը տեղի կունենա դեկտեմբերի 16-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում: Հանդես կգա աշխարհահռչակ դաշնակահար Կիրիլ Գերշտեյնը (ԱՄՆ): Հայաստանում առաջին անգամ հնչելու է Բուզոնիի «Դաշնամուրի կոնցերտը»: Երեկոյի ընթացքում հնչելու է նաև Մոցարտի Սիմֆոնիա թիվ 40-ը:


15-ամյա փառատոնի դեռևս անցած տարվանից սպասվող հոբելյանական համերգն այս տարի նշանակված էր ապրիլի 26-ին, սակայն ապրիլյան հայտնի դեպքերի պատճառով տեղի չունեցավ: Սահմանային լարվածության պատճառով «Երևանյան հեռանկարներում» գրանցվեցին ծրագրային փոփոխություններ: Մի շարք իրադարձային միջոցառումներ ևս տեղափոխվեցին հաջորդ տարի: Փառատոնը մեկնարկեց Էստոնիայի ազգային արական երգչախմբի համերգով: Բյուրականի Սուրբ Հովհաննես եկեղեցում հնչեցին էստոնական և հայ հոգևոր երգեր: Երգչախումբը ելույթ ունեցավ նաև Վանաձորում, Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում, «Արամ Խաչատրյան» համերգասրահում:


Տարին հոբելյանական էր նաև «Երևանյան հեռանկարներ» միջազգային երաժշտական փառատոնի հիմնադիր նախագահ և գեղարվեստական ղեկավար, կոմպոզիտոր, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Ստեփան Ռոստոմյանի համար: ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով Ստեփան Ռոստոմյանը պարգևատրվեց «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալով: Պարգևը հանձնեց մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը` դեկտեմբերի 6-ին, կոմպոզիտորի ծննդյան 60-ամյակին նվիրված հոբելյանական երեկոյի ժամանակ:


2017-ի փառատոնային տարին կսկսվի ապրիլ ամսին` Իսրայելի կամերային նվագախմբի համերգով, որին կհաջորդեն Չայկովսկու անվան մեծ սիմֆոնիկ նվագախմբի այցը Հայաստան` մաեստրո Ֆեդոսեևի ղեկավարությամբ, ապա 8 «Գրեմմի»-ի մրցանակակիր «Էմերսոն» քառյակի, սոպրանո Ռենե Ֆլեմինգի, այլ հեղինակավոր արտիստների այցերը, փառատոնի «Քեզ հետ, Հայաստան» նախագծի շրջանակում 2015-ին համերգների շարք է ներկայացվել արտերկրում: Համատեղ ելույթ են ունեցել հայ և օտարազգի հանրաճանաչ երաժիշտները` աշխարհի տարբեր բեմերից հնչեցնելով նաև հայ կոմպոզիտորների ստեղծագործությունները (Կոմիտաս, Արամ Խաչատրյան, Տիգրան Մանսուրյան, Ալեքսանդր Հարությունյան, Վաչե Շարաֆյան, Ստեփան Ռոստոմյան): «Իրատեսը» հետաքրքրվել էր`շարունակություն ունենալո՞ւ է նախագիծը: Կազմակերպիչները վստահեցնում են` գուցե ոչ նախորդ տարվա ինտենսիվությամբ (յոթ-տասը համերգ), բայց փորձելու են տարեկան գոնե մեկ-երկու համերգ ունենալ դրսում` ապահովելով հայ երաժիշտների միջազգային ճանաչումը:

Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 1728

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ